
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կրկին չի բացառել Ուկրաինա Taurus հեռահար թեւավոր հրթիռների մատակարարման հնարավորությունը։ «Իհարկե, դա լիովին հնարավոր է»,- ասել է Մերցը ZDF հեռուստատեսության եթերում՝ ի պատասխան այս մասին հարցի։ Նա նաեւ մատնանշել է զենքի համակարգերի կիրառման համար անհրաժեշտ ուսուցման երկար ժամանակահատվածի մասին։ «Մենք միշտ ասել ենք, եւ ես ինքս եմ դա ասել, որ Ուկրաինայում զինվորներ պատրաստելու համար մի քանի ամիս է պահանջվում Taurus-ի հետ վարվելու համար»,- հիշեցրել է կանցլերը: Taurus-ի առաքումը վեց ամսում կամ մեկ տարում «չի օգնի Ուկրաինային այսօր», եւ Գերմանիան, ըստ Մերցի, հենց հիմա ձգտում է ռազմական օգնություն ցուցաբերել: Մայիսի 26-ին Մերցը հայտնել էր, որ Գերմանիան վերացնում է բոլոր սահմանափակումները Բեռլինի եւ նրա դաշնակիցների կողմից Կիեւ մատակարարվող զենքի տեսականու նկատմամբ։ Քաղաքական գործչի խոսքով՝ նման որոշում են կայացրել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան։ Մայիսի 28-ին Բեռլինում Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում Գերմանիայի կանցլերը հաստատել է, որ Կիեւ զենք մատակարարելիս այլեւս չկան սահմանափակումներ Ռուսաստանի տարածքին հարվածների հարցում։ Զելենսկին իր հերթին վստահություն է հայտնել, որ Գերմանիան Կիեւ կմատակարարի Taurus-ներ։ «Մենք աշխատում ենք այս ուղղությամբ»,- ասել է նա RTL հեռուստատեսության հարցազրույցում՝ ավելացնելով, որ Մերցի հետ պայմանավորվել է այս հարցում գաղտնիություն պահպանել։ «Կան որոշակի հարցեր, որոնք մենք պայմանավորվել ենք հրապարակայնորեն չքննարկել: Ես դա խոստացել եմ կանցլերին»,- ասել է Զելենսկին: