Ուիթքոֆ․ Երկրորդ հանդիպումից հետո պարզ դարձավ...

Ամերիկացի բանակցողներն իրանական խմբի հետ երկրորդ հանդիպումից հետո հասկացել են, որ Վաշինգտոնին ու Թեհրանին չի հաջողվի համաձայնություն կնքել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ նաև նշելով, որ Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել։

«Մենք փորձեցինք նրանց հետ արդար գործարք կնքել: Երկրորդ հանդիպման ավարտին միանգամայն պարզ դարձավ, որ դա անհնար է: Բայց մենք գնացինք երրորդ հանդիպմանը՝ նրանց ևս մեկ հնարավորություն տալու համար», - ասել է նա։

Ուիթքոֆի խոսքով՝ ԱՄՆ-ն մինչև ռազմական գործողություն սկսելն Իրանի հետ բանակցությունների ընթացքում առաջարկել է 10 տարով հրաժարվել ուրանի հարստացումից՝ անվճար միջուկային վառելիքի մատակարարումների դիմաց, սակայն Իրանը հրաժարվել է այս առաջարկից։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը նաև հայտարարել է, որ իրանցի բանակցողներն իրենց ասել են, որ Թեհրանն ուրանի հարստացման անկապտելի իրավունք ունի։   

Ուիթքոֆի պնդմամբ՝ առաջին հանդիպմանը իրանցի բանակցողները նաև ասել են, որ ունեն 400 կգ 60 տոկոսով հարստացված ուրան, և որ տեղյակ են, որ դրանից կարելի է ստանալ 11 միջուկային ռումբ։