Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանը ԵՄ-ից կպահա...

Վարշավան Բրյուսելից կպահանջի վերանայել Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո Եվրամիության կողմից Կիևին տրամադրված առևտրային արտոնությունները։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին մասնակցելու համար Բուխարեստ մեկնելուց առաջ։

«Նաև կքննարկեմ այն փոփոխությունների անհրաժեշտությունը, որոնք թույլ կտան պաշտպանել Եվրոպայի և Լեհաստանի շուկաները և արտադրողներին: Փոփոխություններ ասելով՝ մենք նկատի ունենք ավելի մեծ կամ ավելի փոքր չափով այն պայմաններին վերադառնալու անհրաժեշտությունը, որոնք գոյություն ունեին առևտրի ոլորտում (ԵՄ-ի) և Ուկրաինայի ու այլ երկրների միջև նախքան պատերազմի սկիզբը», - Լեհաստանի վարչապետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2022 թվականի գարնանը որոշել էր մեկ տարի ժամկետով ժամանակավորապես չեղարկել ուկրաինական ապրանքների բոլոր մաքսատուրքերը, քվոտաները և սակագները։ 2023 թվականի հունիսին ԵՀ-ն այս միջոցը երկարաձգեց ևս մեկ տարով։

Լեհաստանում և ԵՄ մյուս երկրներում բողոքի ակցիաներին մասնակցող ֆերմերները Բրյուսելին մեղադրում են այդ կերպ ուկրաինացի և եվրոպացի գյուղատնտեսական արտադրողների միջև անազնիվ մրցակցության պայմաններ ստեղծելու մեջ: