Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը չեղարկել է այցը Գերմանիա, որը նախատեսված էր այս շաբաթվա վերջին՝ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Այս մասին հայտնում է Euractiv պորտալը։
Ըստ լրատվամիջոցի՝ Տուսկը պետք է մեկներ Պոտսդամ՝ ստանալու M100 մեդիա մրցանակը, որը շնորհվում է «ժողովրդավարության, խոսքի և մամուլի ազատության, ինչպես նաև եվրոպական փոխըմբռնման ամրապնդմանը նվիրված անհատներին»։ Սակայն վերջին պահին նա չեղարկել է ուղևորությունը՝ պատճառաբանելով ներքին պարտավորությունները, և այժմ նրա փոխարեն կգնա արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ադամ Բոդնարը։ Արարողությանը չի մասնակցի նաեւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ով պետք է ելույթ ունենար Տուսկի պատվին։ «Խորը ափսոսանքով տեղեկացնում ենք ձեզ, որ կանցլեր Օլաֆ Շոլցը ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը M100 Media Award-ին՝ ժամանակացույցի հակասությունների պատճառով: Վարչապետ Դոնալդ Տուսկը նույնպես չի կարողանա մասնակցել արարողությանը կարևոր ազգային պարտավորությունների պատճառով»,- պորտալը մեջբերում է կազմակերպիչների հայտարարությունը։
Թե որն է Տուսկի՝ Գերմանիա մեկնելը չեղարկելու որոշման ստույգ պատճառը և ով առաջինը չեղարկել է ուղևորությունը, մնում են անհայտ, քանի որ Լեհաստանի վարչապետի գրասենյակը չի պատասխանել պորտալի խնդրանքին։ Սակայն, Euractiv-ը նշում է, որ լեհ-գերմանական հարաբերությունները վերջին շաբաթներին ավելի են սառել։ Ինչպես հայտնում է պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ, հարաբերությունների վատթարացման հիմնական պատճառը եղել է «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերի հետ կապված իրավիճակը։