
Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ՝ 2021-2024 թվականներին համերգների կազմակերպման ընթացքում հնարավոր խախտումների վերաբերյալ՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
13 անձի ձերբակալման օրդեր է տրվել, այդ թվում՝ մշակույթի վարչության նախկին ղեկավարների և կապալառու ընկերությունների ներկայացուցիչների։ Նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և մրցութային խարդախության համար։
Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը քաղաքապետարանում կատարված ձերբակալությունների վերաբերյալ հայտարարել է, որ կանխատեսել էր այդ գործողությունը, քանի որ Ստամբուլից հետո սպասվում էին ձերբակալություններ նաև Անկարայի քաղաքապետարանում։
«Ես հետաքննություն եմ սկսել հանրությանը նախկինում հաղորդված բոլոր հարցերի վերաբերյալ։ Քաղաքապետարանի կազմակերպած համերգների վերաբերյալ անցկացված հետաքննությունները չեն բացահայտել որևէ բացասական հանգամանք կամ օրենքի խախտում։ Հանրային շահերին վնաս հասցնելու մասին խոսք չկա։ Շուտով մամուլի ասուլիս կհրավիրեմ և կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- ասել է Յավաշը:
Նա խոստացել է նաև հանրությանը տեղեկացնել, թե ինչու հետաքննություն չի իրականացվել իրավապահ մարմիններին փոխանցված 97 նյութի գործով, որոնք վերաբերում են իրենցից առաջ Անկարայի քաղաքապետարանում տեղի ունեցած կոռուպցիայի փաստերին: