Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` արտահայտելու իրենց բողոքը ընդդիմադիր կուսակցական քաղաքապետերին ձերբակալելու և նրանց փոխարեն իշխանական հոգաբարձուների նշանակման դեմ:
Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Ցույցերն իրականացվում են երկրի արևելյան հատվածում գտնվող Մարդին, Բաթման և Հալֆեթի քաղաքներում, որտեղ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից նշանակվել էին հոգաբարձուներ (դրածո):
Հարկ է նշել, որ նոյեմբերի 4-ին քաղաքապետարանների դիմաց տեղի ունեցած ցույցերին միջամտել է ոստիկանությունը և բիրտ ուժ կիրառել:
Նշվում է, որ ոստիկանութան կողմից օգտագործվել է պղպեղային գազ և ջրցան: Ընդհանուր առմամբ, ամենաքիչը ձերբակալվել է 60 մարդ, այդ թվում՝ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) և «Ժողովրդավարական շրջանների կուսակցության» ղեկավար շրջանակներ:
Ցուցարարների մեջ է եղել նաև «DEM» կուսակցական, Բաթմանի համանախագահ, կին քաղաքական գործիչ Գյուլիստան Շյոնուքը, ով թուրքական լրատվական «Bianet» գործակալության հետ զրույցում ասել է.
«Մենք այստեղ ենք լինելու, քանի դեռ այդ որոշումը չի չեղարկվել: Այստեղից և ոչ մի հետ քայլ չենք անելու»:
Նշենք, որ ընդդիմադիրների և իշխանությունների միջև վերջին (մարտի 31) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո անհավասարակշռություն է ձևավորվել. Չնայած պառլամենտական և կառավարական իշխանությունը շարունակում է մնալ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ձեռքում, ՏԻՄ ղեկավարների պաշտոններում ավելի շատ ընտրվել են ընդդիմադիր գործիչներ, ինչն էլ ուղեկցվում է ընդդիմադիրների նկատմամբ տարրատեսակ բռնաճնշումներով և ձերբակալություններով: