Թուրքիայի միջերկրածովյան Մուղլա նահանգի իշխանությունները բոլոր ռեսուրսներն ուղղել են հուլիսի 29-ին Սեյդիքեմեր շրջանում բռնկված խոշոր անտառային հրդեհի մարմանը։ Հուլիսի 30-ի առավոտյան դրությամբ կրակը դեռևս չի հաջողվել վերահսկողության տակ առնել, հայտնում է NTV հեռուստաալիքը։
Տեղական վարչակազմի տվյալներով՝ որպես նախազգուշական միջոց, հրդեհի գոտում գտնվող 408 տներից էվակուացվել է 703 բնակիչ։ Նաև էվակուացվել է տեղի պետական հիվանդանոցի 45 պացիենտ։ «Հրդեհի հետևանքով 6 շրջաններում վնասվել է 55 շինություն, որոնցից մի քանիսն ամբողջությամբ այրվել են», — նշել են Մուղլայի նահանգապետարանում։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավիացիոն 25 միավոր, 410 ցամաքային տեխնիկա և 1,1 հազար մարդ։
Բնական հրդեհները շարունակվում են նաև Անթալիայի, Բալըքեսիրի և Իզմիրի նահանգներում։ Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։ Հրդեհները զբոսաշրջային շրջաններին չեն սպառնում, քանի որ դրանք գտնվում են բռնկման վայրերից զգալի հեռավորության վրա, հայտնում են տեղական իշխանությունները։



