Թուրքիայի փոխնախագահը ողջունել է Հայաստան-Ադր...

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Ադրբեջանում ընթացող «Թուրքական պետությունների կազմակերպության» անդամ երկրների վարչապետների և փոխնախագահների հանդիպման ժամանակ նշել է, որ իրենք գոհունակությամբ ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Նա նշել, է որ այս ոլորտում ձեռնարկվող քայլերը դրական ազդեցություն կունենան թյուրքական աշխարհի բարեկեցության վրա։

Թուրքիայի փոխնախագահը նաև հարցազրույց է տվել APA լրատվական գործակալությանը՝ խոսելով TRIPP նախագծի մասին։   

Հարցին, թե ի՞նչ կոնկրետ առավելություններ կընձեռի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը Թուրքիա-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա երթուղու առևտրի և լոգիստիկայի առումով, Յըլմազը պատասխանել է.

«Դա կապահովի Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական մասի միջև ուղիղ ցամաքային կապ, ինչը հնարավորություն կտա Թուրքիայի և Ադրբեջանի միջև հաստատել անընդհատ տրանսպորտային կապեր։ Այս պայմաններում կստեղծվի մեր երկրի և թյուրքական հանրապետությունների միջև ուղիղ ավտոմոբիլային կապ։  Այս ֆոնին դրա գործարկումը զգալի ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի և ներդրումային հոսքերի արագացման և դիվերսիֆիկացման, ինչպես նաև մեր երկրի տարածաշրջանային երկրների հետ առևտրի նպատակային ծավալների հասնելու վրա»,- ասել է Թուրքիայի փոխնախագահը։

Նա հավելել է, որ այդ երթուղու գործարկումը կնպաստի նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ավելի առողջ զարգացմանը, առևտրի միավորող ուժի միջոցով տարածաշրջանային տնտեսական համագործակցության և ինտեգրման խորացմանը։

«Սա իր հերթին կնպաստի տնտեսական զարգացմանը և կամրապնդի կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»,- եզրափակել է Յըլմազը: