ԵՄ-ի տրամադրած միջոցները բավարար են Ուկրաինայ...

Եվրահանձնաժողովը հերքել է Կիևի պնդումը, թե Ուկրաինան ունի 27 մլրդ եվրոյի բյուջետային ֆինանսավորման պակաս։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյուն։

«Մենք երբեք չենք ասել, որ Ուկրաինան ունի բյուջետային ֆինանսավորման պակաս։ Այդ մասին միայն հաղորդվել է լրատվամիջոցներում։ Երեկ մենք խորհրդակցություններ անցկացրինք և եկանք այն եզրակացության, որ այդ պակասը չկա», - Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյուն։

Պատասխանելով ուկրաինացի լրագրողների հարցերին, թե «ուր է անհետացել այդ բյուջետային բացը», Պինյուն խորհուրդ է տվել դիմել ուկրաինական ղեկավարությանը, «որը դա ավելի լավ կկարողանա բացատրել»։

«Թիվ մեկ եզրակացությունը, որ մենք արել ենք Ուկրաինայի հետ երեկվա հանդիպումից հետո՝ գնահատելով մնացած ֆինանսավորումը [այս տարվա համար], որը պատրաստում է ԵՄ-ը. երեկ դա 37 մլրդ եվրո էր, այսօր՝ հաշվի առնելով առավոտյան Ուկրաինային փոխանցված տրանշը [2,9 մլրդ եվրո], այն կազմում է 34 մլրդ եվրո, մենք եկանք այն եզրակացության, որ այս գումարը բավարար է այս տարի Ուկրաինայի բյուջետային կարիքները փակելու համար», - նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին, որը համակարգում է Ուկրաինայի ֆինանսավորման թեման։ Նա նաև նշել է, որ Եվրահանձնաժողովը հույս ունի «իր գործընկերների մասնակցության վրա»՝ Կիևին ցանկացած հնարավոր լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու համար։