Ես ուզում հիշեցնեմ ձեզ Սյունիքում պահնորդական ծառայություն իրականացնող անձի սպանության գործը, երբ փառք ու պատվով, դափնիներով հանցագործին ճանապարհեցին Ադրբեջան, և այնտեղ գրեթե հերոսացրեցին այդ անձին, ոնց որ հերոսացնում են Ռամիլ Սաֆարովին և իր նմաններին. սրա ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ՀՀ իշխանության վրա։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, ԱԱԾ–ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով նրան, որ հնարավոր է Սյունիքի Շաքի գյուղում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողին արտահանձնեն Ադրբեջանին։
«Իշխանությունների թողտվության պարագայում է, որ նման բաներ լինում են, և անհետևանք լինելու պատճառով այս ամեն ինչը կրկնվում է։ Ցավոք սրտի, այս երևույթները շարունակական են լինելու, որովհետև մեղավորները չեն պատժվում, Հայաստանն էլ այնպես է գործում, կարծես որևէ մի բան չի կատարվել։
Ուզում հիշեցնեմ ձեզ, որ տարբեր ՔՊ–ական պատգամավորներ, ընդհուպ մինչև Հանրապետության նախագահ կոչվածն էր ասում, որ ինչքան էլ մեզ վրա կրակեն, մենք չենք կրակելու։ Ադրբեջանը տեսնում է, որ այստեղ չկան իշխանություններ, կան ինչ-որ մարդիկ, որոնք որ ծառայում են իրենց շահերին և իրենք կարող են անարգել մտնեն, անեն այն, ինչ որ որ անում են և դրա համար պատիժ չկրեն։
Բոլոր հանգամանքներում, երբ կոնկրետ մարդիկ ահաբեկչություն են իրականացրել Արցախում, Հայաստանում, այդ մարդիկ արտահանձնվել են Ադրբեջանին, սա, մեղմ ասած, մտահոգիչ է։ ՀՀ իշխանությունների խոսույթը հետևյալ է՝ հանձնել, տալ ամեն ինչ, հնազանդվել, որևէ մի պարագայում ձեն ու ծպտուն չհանել, կուզեն թող գան մեզ այստեղ գնդակահարեն»,–ասաց նա։
Դանիելյանը հարց բարձրացրեց, որ եթե մեր ԱԱԾ–ն գիտեր, որ ադրբեջանցի զինծառայող է հատել սահմանը, ինչու չի զգուշացրել սահմանամերձ համայնքի բնակիչներին, որ նման բան կա, որ մարդիկ փորձեին պաշտպանվել. «Եթե պատկան ծառայությունները իմացել են և հանցավոր անգործություն են դրսևորել, այդ մարդիկ պիտի պատասխանատվություն կրեն։ Ի վերջո այս երկրում պիտի գտնվի մեկը, որը կստանձնի պատասխանատվություն, որը կպատժվի։
Ուժային կառույցներն իրենց բան ու գործը թողած, զբաղված են վհուկների որսով, Նիկոլ Փաշինյանը սպառնում է ընդդիմադիրներին, թե բոլորիդ կտանեմ ԱԱԾ պադվալները։
Մեր ժողովուրդը կրա՞կն է ընկել այս իշխանությունների ձեռքը, Է՞ս ա խաղաղության դարաշրջանը, էս ա խաղաղության խաչմերուկը, էս ա Նիկոլ Փաշինյանի պատկերացրած քիրվայությունը ադրբեջանցիների հետ։ Ես չեմ զարմանա, եթե, օրինակ, այդ կնոջ նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի»,– ընդգծեց նախկին պատգամավորը։
Անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողին, Գառնիկ Դանիելյանը նշեց, որ նա պետք է դատապարտվի Հայաստանում, հետո բանակցային գործընթացի ընթացքում ամենալավ ձևով, ամենաընդունելի պայմաններով փոխանակում լինի։



