Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթվա սկզբին ասել էր, որ Իսրայելը կարող է իր հայացքն ուղղել դեպի Թուրքիա՝ Լիբանան ներխուժելուց հետո։
Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները հինգշաբթի օրը հայտնել են, որ թուրքական զինված ուժերը «բավականաչափ ուժեղ են երկրի դեմ ցանկացած սպառնալիք կանխելու համար», գրում է Daily Sabah-ը։
Ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումից և Իրանի հրթիռակոծություններից հետո հակամարտության տարածման հնարավորության մասին հարցերին, աղբյուրները նշել են, որ «նախարարությունն ու բանակը ուշադիր հետևում են ցանկացած զարգացումներին, որոնք կարող են սպառնալ Թուրքիայի անվտանգությանը»։
«Սպառնալիքները գնահատվում են որպես անվտանգության բազմաբնույթ ռազմավարության մաս և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ։ Իսրայելի անմարդկային հարձակումները, որոնք նաև խախտում են միջազգային իրավունքը, շարունակում են սպառնալ միջազգային անվտանգությանը, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային կայունությանը: Առայժմ մենք ճիշտ ենք եղել մեր մտավախություններում, որ Իսրայելի հարձակումները չեն սահմանափակվի միայն Գազայի հատվածով և կտարածվեն ողջ տարածաշրջանով», - ասել են աղբյուրները: