Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ թ...

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը ցույց տալուց հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հուլիսի 4-ին կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին հայտնում է «Դոյչե Վելե»-ն՝ հղում կատարելով Գերմանիայի ԱԳՆ–ին:

«Այսօր մենք Բեռլինում Թուրքիայի դեսպանի հետ քննարկել ենք միջադեպը»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրոպայի առաջնության (Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Գերմանիայում) 1/8 եզրափակչի Ավստրիայի դեմ խաղի ժամանակ իր խփած գոլը տոնելիս՝ ցույց է տվել ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը։ Սոցիալական ցանցերում տարբեր կազմակերպություններ և օգտատերեր պահանջել են հետաքննություն անցկացնել և որակազրկել ֆուտբոլիստին։ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստի կողմից ցույց տված ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստի համար։ ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ տեսուչ է նշանակել Դեմիրալի գործը հետաքննելու համար, սակայն չի հստակեցրել, թե երբ կարող է ավարտվել գործի քննությունը։