Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի Ազով քաղաք...

Նոյեմբերի 16-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռոստովի մարզի Ազով քաղաքի վրա, հայտնել է նահանգապետ Յուրի Սլյուսարը։ Նրա տվյալներով՝ հրդեհներ են բռնկվել չորս արտադրական օբյեկտներում, տուժել է երեք տղամարդ։ Ինչպես Astra-ն պարզել է ականատեսների լուսանկարներից և տեսանյութերից, անօդաչուների թիրախը եղել է այն տարածքը, որտեղ գտնվում են նավթաբազան և գազաբաշխիչ կայանը (ԳԲԿ)։ Հարվածներից հետո այդ տարածքում հրդեհ է բռնկվել։ Ուկրաինական Exilenova+ մշտադիտարկման ալիքի տվյալներով՝ այրվում են և՛ նավթաբազան, և՛ ԳԲԿ-ն։

«Ֆլեշ էներջի» ՍՊԸ-ի նավթաբազան նախատեսված է տարբեր տեսակի նավթամթերքի ընդունման, պահեստավորման և բացթողման համար։ Այն ներառում է 10 պահեստարան՝ ավելի քան 6,5 հազար խորանարդ մետր ընդհանուր տարողությամբ։ ԳԲԿ-ն պատկանում է «Յուգ-Իմպեքս» ՍՊԸ-ին, որը զբաղվում է պինդ, հեղուկ և գազային վառելիքի, ինչպես նաև նմանատիպ արտադրանքի առևտրով ու պահեստավորմամբ։ Իշխանությունները հարձակումը պաշտոնապես չեն մեկնաբանել։ Նախորդ օրը՝ նոյեմբերի 15-ին, անօդաչուները հարձակվել էին Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի վրա։ Մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարի տվյալներով՝ մեկ մարդ զոհվել էր, չորսը՝ վիրավորվել։ Անօդաչուների թիրախը եղել էին մայրուղու կամուրջն ու երկու էլեկտրաենթակայան։ Մասնավորապես, ինչպես գրում է Astra-ն, վնասվել էր ենթակայաններից մեկը, որը էլեկտրաէներգիա է մատակարարում քաղաքի արդյունաբերական գոտուն։

Անցած գիշեր ուկրաինական անօդաչուների հարձակման է ենթարկվել նաև Կրասնոդարի երկրամասը։ Երկրամասի օպերատիվ շտաբից հայտնել են, որ Սևերսկի շրջանում բեկորների ընկնելու հետևանքով տուժել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Իլսկի ավանում ձեռնարկություններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել, հավելել են օպերատիվ շտաբից՝ առանց մանրամասներ ներկայացնելու։ Այս բնակավայրում է գտնվում Իլսկի նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ), որը Ռուսաստանի հարավի հինգ խոշորագույններից մեկն է։ Վերջին անգամ անօդաչուները դրա վրա հարձակվել էին սեպտեմբերի 26-ին։

Բացի այդ, Յարոսլավլի մարզում անօդաչուների հարձակման պատճառով դադարեցվել է երթևեկությունը Յարոսլավլից դեպի Մոսկվա ելքի հատվածում։ «Զերծ մնացեք նշված ուղղությամբ և հարակից տարածքներով երթևեկելուց», — կոչ է արել մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը։ Նրա տվյալներով՝ գիշերվա ընթացքում մարզի օդային տարածքում ընդհանուր առմամբ վնասազերծվել է 20 անօդաչու։ Զոհեր և տուժածներ չկան։ Եվրաևը չի հստակեցրել՝ արդյոք հարձակումը գետնի վրա միջադեպերի հանգեցրել է։ Ավելի վաղ Յարոսլավլում բազմիցս փակվել էր դեպի Մոսկվա երթևեկությունը՝ արդյունաբերական գոտու հատվածում, որտեղ գտնվում է Ռուսաստանի տասը խոշորագույններից մեկը համարվող Յարոսլավլի ՆՎԳ-ն։