Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը կայցելի Ռուսաստան՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և բարձր մակարդակով շփումների ժամանակացույցը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը։
«Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով կայցելի Մոսկվա՝ բանակցություններ վարելու ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ՝ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ։
Նախարարները կքննարկեն իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես, Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում և կվերլուծեն ռուս-թուրքական երկկողմ համագործակցության վիճակը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում ռազմավարական նախագծերի իրականացման համատեքստում։ Նաև Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները կմշակեն բարձրագույն և բարձր մակարդակներով երկկողմ շփումների ժամանակացույց»,- ասել է նա։