Anadolu գործակալությունը գրում է․ «Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Համի Աքսոյը քննադատել է Ֆրանսիայի իշխանություններին 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում «տեղի ունեցածին կողմնակալ գնահատական» տալու համար»։
Ըստ նրա՝ Ֆրանսիան ավելի քան 100 տարի առաջ «զինել է հայկական հրոսակախմբերին, որոնք սպանել են թուրքերին»:
«Փարիզը նույնպես պատասխանատվություն է կրում այդ հանցագործությունների համար: Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի՝ հայերին ուղղված ուղերձի ժամանակ Անկարայի հասցեին հնչած մեղադրանքը չի համապատասխանում Փարիզի և Անկարայի միջև համագործակցության ոգուն: Փարիզի նման դիրքորոշումը միանշանակ անպատասխան չի մնա»,- հավելել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Մի շարք ֆրանսիացի պաշտոնյաներ մեղադրել են Թուրքիային Հայոց ցեղասպանությունը մինչև այսօր չճանաչելու համար:



