Թուրքիան սկսում է մասշտաբային կառուցվածքային բարեփոխումներ, որպեսզի ազատվի մեկնարկային տոկոսային դրույքաչափերից, փոխարժեքներից եւ սղաճից, որոնք այդ երկրի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է «չարի եռանկյունի»։ Ըստ պաշտոնական Անկարայի, ձեւավորվելու է նոր տնտեսական համակարգ, որը հիմնված է լինելու զբաղվածության եւ արտադրության վրա։
Թուրքիայում տնտեսական վիճակի օրըստօրե վատացումը եւ մոտալուտ տնտեսական կոլապսի վտանգը Էրդողանին, ըստ էության, բավական ուժգին է վախեցրել, քանի որ տնտեսական կոլապսը կարող է իր հետեւից բերել քաղաքական ճգնաժամ եւ հանգեցնել նրան, որ ստիպված լինի թողնել իշխանությունը։ Դժվար է ասել, թե այդ բարեփոխումները ինչ արդյունք կտան։
Նախկինում էլ տարատեսակ բարեփոխումներ Էրդողանն իրականացրել է, սակայն արդյունքները միշտ չէ, որ եղել են սպասվածի պես։ Բացի այդ, այժմ հասարակությունն էլ կասկածամտորեն է տրամադրված եւ կա կարծիք, որ դա արվում է ուղղակի հասարակությանը կերակրելու եւ իշխանությունը քաղաքական ներկայիս մեծամասնության ձեռքում պահելը երկարաձգելու համար։
Ինչ էլ որ լինի, հասկանալի է, որ թուրքական իշխող քաղաքական վերնախավը սկսել է շփոթմունքի կամ իրարանցման նշաններ ցույց տալ, ինչը նաեւ պայմանավորված է աշխարհաքաղաքական առաջիկա փոփոխություններով, ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությամբ եւ հնարավոր սանկցիոն քաղաքականության խստացմամբ, որը ամենայն հավանականությամբ Արեւմուտքը կվարի Անկարայի հանդեպ «կենտրոնախույս» եւ «ինքնագլուխ» գործողությունների համար։



