Թուրքիան սահմանափակել է իրանցիների մուտքը

Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ լարվածության սրման ֆոնին Թուրքիայի և Իրանի միջև սահմանային անցակետերում սահմանափակումներ են մտցվել։  

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները։

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտարարել է, որ Թուրքիան Իրանի հետ սահմանին գտնվող երեք անցակետերում ժամանակավորապես դադարեցրել է Իրանի քաղաքացիների կարճաժամկետ այցելությունների համար սահմանային անցումները։  

Թուրքիայի առևտրի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի հետ կնքված փոխադարձ համաձայնագրի համաձայն՝ Թուրքիան թույլ է տալիս իր քաղաքացիներին և երրորդ երկրների քաղաքացիներին Իրանից մուտք գործել Թուրքիա, սակայն իրանցիների կարճատև ուղևորությունները ժամանակավորապես կասեցվել են։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի և Իրանի միջև առևտրային բեռնափոխադրումները շարունակվում են՝ խիստ վերահսկողության պայմաններում։