Թուրքիան Հունաստանին, կղզիների ռազմականացման...

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սպառնացել է Հունաստանին «կանխիչ գործողություններով», եթե Աթենքը չկատարի Էգեյան ծովի արեւելյան մասի կղզիների ապառազմականացման պահանջները, տեղեկացրել է «Keep Talking, Greece» պարբերականը։

«Մի՞թե մեր քթի տակ զենք տեղադրելը սպառնալիք չէ մեր երկրի համար։ Մի՞թե դա մեզ ինքնապաշտպանության իրավունք չի տալիս»,- պարբերականը մեջբերել է նախարարի խոսքերը։

Աքարը Հունաստանին մեղադրել է Անկարայի հանդեպ «ագրեսիվ հռետորաբանության» մեջ՝ ասելով, որ նրա պաշտպանական բյուջեի հնգակի ավելացումը վկայում է այն մասին, որ երկիրը «ինչ-որ բան մտածում է» Թուրքիայի դեմ։

Թուրք նախարարի խոսքով՝ Հունաստանը անում է «հնարավոր ամեն բան, որպեսզի կանխի Թուրքիային զենքի եւ ռազմատեխնիկայի, այդ թվում ամերիկյան F-16 կործանիչների եւ գերմանական սուզանավերի վաճառքը։

Նա մեղադրել է նաեւ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին եւ արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին «ագրեսիվ հռետորաբանություն եւ ագրեսիվ գործողություններ» օգտագործելու մեջ, որոնք նպատակ ունեն փչացնել «պոտենցիալ պոզիտիվ մթնոլորտը, որը կարող է ստեղծվել երկու երկրների միջեւ»։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ վերջին ժամանակներս Հունաստանը միտումնավոր խախտում է Լոզանի խաղաղության պայմանագրի դրույթները, որը թույլ էր տվել գծել Թուրքիայի ցամաքային սահմանները, երաշխավորել թուրք փոքրամասնության իրավունքները Հունաստանում եւ հաստատել Թուրքիայի ափերի մոտ հունական կղզիների ապառազմականացված կարգավիճակը։

Նա նշել է, որ Անկարան չի կարող հաշտվել նման իրավիճակի հետ, որը «հակասում է բարիդրացիության եւ պայմանավորվածությունները պահելու» սկզբունքներին»։

Էրդողանը հայտարարել է նաեւ, որ Թուրքիան պատրաստ է «բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում ամուր խաղաղության եւ կայունության հաստատման, ինչպես նաեւ թուրք ժողովրդի իրավունքները ապահովելու համար»։