Թուրքիան կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր հնարավորությունները՝ Իսրայելին պատասխանատվության ենթարկելու Գազայի հատվածում կատարած հանցագործությունների համար։ Այս մասին Անկարայում նախագահական նստավայրում ելույթ ունենալիս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։
«Իսրայելի վարչակազմը գնալով ավելի դաժան է դառնում։ Անցյալ շաբաթ մենք ամբողջությամբ դադարեցրինք արտահանումն ու ներմուծումը Իսրայելի հետ։ Մենք որոշեցինք միջամտել ցեղասպանության գործին (դիտարկվում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից): Մենք կշարունակենք օգտագործել մեզ հասանելի բոլոր հնարավորությունները՝ պատասխանատվության ենթարկելու գրեթե 35 հազար մարդու մահվան մեղավորներին, որոնցից 15 հազարը երեխաներ են»,- ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Թուրքիան մարդասիրական օգնության ութերորդ նավն է ուղարկել Գազա։ «Մինչ օրս մեր մարդասիրական օգնության ծավալը հասել է 50 հազար տոննայի, Թուրքիան դարձել է Գազա ամենաշատ մարդասիրական օգնություն ուղարկող երկիրը»,- հավելել է Էրդողանը։