Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes»-ը բախվել...

Երեկ՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 92 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Համլետ Ս․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ջրատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Երանուշ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի և դասակի հրամանատար Մանվել Թոքմաջյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Շմավոնյանը, Աղասի Բեյբությանը և Տիգրան Հաջաթյանը։Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։