ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին գրառման հեռացումը տեխնիկական վրիպակ չէր։ Դա քաղաքական որոշում էր։ Այդ գրառման մեջ օգտագործված էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, նշված էր 1915 թվականի զոհերի հիշատակի հարգանքի արարողության մասին։ Մի քանի ժամ անց գրառումն անհետացավ, և դրա փոխարեն հրապարակվեց խոսնակի ձևակերպումը, որտեղ «ցեղասպանություն» բառը բացակայում էր։ Սա բառերի փոփոխություն չէ․ սա առաջնահերթությունների փոփոխության դրսևորում է։
Պետությունները գործում են շահերի տրամաբանությամբ։ Քաղաքագիտության ռեալիստական մոտեցումը վաղուց է արձանագրել՝ արժեքները կարևոր են այնքան ժամանակ, քանի դեռ չեն բախվում ռազմավարական հաշվարկին։ Երբ բախվում են, հաղթում է հաշվարկը։ Վենսի գրառման արագ ջնջումը հենց այդ հաշվարկի արդյունքն է։ Թուրքիան ԱՄՆ-ի համար պարզապես գործընկեր չէ։ Այն ՆԱՏՕ-ի ներսում խոշոր ռազմական ուժ է, աշխարհագրական հանգույց՝ Սև ծովից մինչև Մերձավոր Արևելք, հակահրթիռային և ռազմական ենթակառուցվածքների տեղակայման տարածք։ Վաշինգտոնի համար Անկարան կարող է լինել բարդ, երբեմն՝ հակասական, բայց այն չի կարող լինել երկրորդական։
Այստեղ է հիմնական հարցը։ Եթե անգամ ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, դա չի նշանակում, որ թեման դուրս է ընթացիկ քաղաքական հաշվարկից։ Երբ անհրաժեշտ է չբարդացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, հրապարակային ձևակերպումները կարող են մեղմացվել կամ հետ կանչվել։ Վենսի դեպքը հենց այդ քաղաքական զգուշավորության օրինակն էր։
Այս դրվագը կարևոր է Հայաստանի համար ոչ այնքան հուզական, որքան ռազմավարական տեսանկյունից։ Այն ցույց է տալիս այն սահմանը, որի շրջանակում կարող է լինել ԱՄՆ աջակցությունը։ Վաշինգտոնը կարող է համագործակցել Երևանի հետ, կարող է ծրագրեր իրականացնել, հայտարարություններ անել, բայց նրա տարածաշրջանային հենարանը Թուրքիան է։ Դա ուժերի անհամաչափության պարզ իրողություն է։ Մեծ պետությունը առաջնահերթություն է տալիս այն գործընկերոջը, որը տալիս է լայն աշխարհաքաղաքական ազդեցություն, ոչ թե այն պետությանը, որի հետ նույն արժեքային դաշտում է՝ եթե, իհարկե, այդ արժեքային դաշտը իրականում գոյություն ունի։
Հետևաբար, վտանգավոր է կառուցել անվտանգային ճարտարապետություն՝ հենվելով այն մտքի վրա, թե ԱՄՆ աջակցությունը կարող է հավասարակշռել կամ չեզոքացնել Թուրքիայից եկող բոլոր սպառնալիքները։ Հիշատակված դրվագը ցույց է տալիս, որ երբ հարցը հասնում է Անկարայի համար զգայուն թեմաներին, Վաշինգտոնը պատրաստ է նույնիսկ հրապարակային հետքայլի։ Իսկ եթե բառի մակարդակում կա այդ պատրաստակամությունը, ապա ռազմավարական մակարդակում հաշվարկը առավել ակնհայտ է։
Վենսի հեռացված գրառումը փոքր դրվագ էր, բայց այն ակնհայտ դարձրեց իրականությունը նույնիսկ միամիտ ձևացողների համար։ Արտաքին քաղաքականության մեջ, եթե անգամ հիշողությունը կարևոր է, որոշիչը շահն է։ Եվ այս փուլում ԱՄՆ-ի տարածաշրջանային հենարանը Թուրքիան է․ մնացածը՝ «կենաց ու լավ ասենք, որ լավ լինի» տրամաբանության շրջանակում։
Բորիս Մուրազի



