
Թուրքիան և Միացյալ Նահանգներն ունեն ընդհանուր տեսլական Սիրիայի վերաբերյալ և ցանկանում են ամրապնդել համագործակցությունը՝ Սիրիայում կայունության հասնելու համար։ Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարությունը, այս մասին համատեղ հայտարարության մեջ նշել է Սիրիայի հարցով ԱՄՆ-Թուրքիա աշխատանքային խումբը Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։
«Միացյալ Նահանգները և Թուրքիան հանձնառու են ամրապնդել համագործակցությունն ու համակարգումը Սիրիայում կայունության և անվտանգության հարցերում, ինչպես նախանշել են նախագահ (Դոնալդ) Թրամփը և նախագահ (Ռեջեփ Թայիփ) Էրդողանը», - նշվել է հայտարարության մեջ։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ի պատվիրակությունը՝ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուի գլխավորությամբ, Սիրիայի հարցով աշխատանքային խմբի նոր փուլի համար Վաշինգտոնում հյուրընկալել է թուրքական պատվիրակությանը՝ երկրի արտաքին գործերի փոխնախարար Նուհ Յիլմազի գլխավորությամբ։ Հանդիպմանը նաև մասնակցել են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաք կրտսերը և ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սեդատ Օնալը։
«Պատվիրակությունները քննարկել են Սիրիայում ընդհանուր առաջնահերթությունները, այդ թվում՝ պատժամիջոցների մեղմացումը՝ համաձայն նախագահ Թրամփի հրահանգի, և ահաբեկչության դեմ պայքարը՝ բոլոր ձևերով և դրսևորումներով», - նշված է փաստաթղթում։
Համատեղ հայտարարության մեջ նաև նշված է, որ Միացյալ Նահանգները և Թուրքիան կիսում են այն նույն տեսլականը, որ Սիրիան պետք է լինի «կայուն և խաղաղ իր և իր հարևանների հետ, ինչը նաև թույլ կտա միլիոնավոր տեղահանված սիրիացիների վերադառնալ իրենց տները»։
«Միացյալ Նահանգները և Թուրքիան գիտակցում են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։ Կայուն և միասնական Սիրիան, որը չի առաջարկի անվտանգ ապաստան ահաբեկչական կազմակերպությունների համար, կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը և բարգավաճմանը», - հավելել են Պետքարտուղարությունում։
Թուրքական պատվիրակության այցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն նաև հանդիպում է անցկացրել Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Նուհ Յիլմազի հետ, որի ընթացքում փոխնախարարն ընդգծել է ԱՄՆ-Թուրքիա երկկողմ ամուր հարաբերությունները՝ որպես գործընկերության նոր դարաշրջան, որը խթանում է երկու պետությունների միջև համագործակցությունն՝ ուղղված խաղաղությանը և առևտրի զարգացմանը։