ՆԳՆ-ն զգուշացնում է․ iMessage-ով տարածվում են...

ՀՀ ներքին գործերի նախարարության անունից իրականացվող զեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են։ Քաղաքացիները iMessage համակարգի միջոցով շարունակում են ստանալ ՆԳՆ-ի և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։

Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից՝ ընդգծելով, որ  հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ։

Դրանց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները՝ ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։

«Կրկին հիշեցնում ենք՝ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․

• Մի՛ բացեք նման հաղորդագրություններում առկա հղումները։

• Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։

• Տեղեկության իսկությունը ստուգեք միայն պետական մարմինների պաշտոնական աղբյուրներից։

• Արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն և նշեք հաղորդագրությունը որպես անցանկալի (Spam/Junk)։

• Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ, անհապաղ կապ հաստատեք Ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը»,– նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։