Թուրքիան ձգտում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզման մեջ հայտարարել՝ կապված Global Sumud Flotilla մարդասիրական նավատորմի ակտիվիստների դեմ միջազգային ջրերում իրականացված հարձակման գործի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը։
Նրա խոսքով՝ գործով դատական քննությունը շարունակվում է Ստամբուլի 11-րդ Բարձրագույն քրեական դատարանում։ Գործում որպես մեղադրյալ ներգրավված է 35 անձ, այդ թվում՝ Նեթանյահուն և Աֆեկ Մոսկովիչը, հայտնել է Turkiye Today-ը։
Գյուրլեքը հայտնել է, որ 2026 թվականի հուլիսի 14-ին Նեթանյահուին և Մոսկովիչին ցեղասպանության մեղադրանքով տրվել են ձերբակալության օրդերներ։ Դրանից հետո Թուրքիայի արդարադատության նախարարությունը դիմել է ներքին գործերի նախարարություն՝ խնդրելով նախաձեռնել Ինտերպոլի կողմից կարմիր ծանուցումներ հրապարակելու ընթացակարգ, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են նաև արտաքին գործերի նախարարություն։
Թուրքական կողմի վարկածով՝ մեղադրյալներն անցնում են խաղաղ բնակիչների դեմ զինված միջամտության գործով, երբ նրանք փորձում էին մարդասիրական օգնություն հասցնել Գազա, ինչպես նաև միջազգային ջրերում ակտիվիստների հետագա ձերբակալման համար։
Նրանց մեղսագրվում են մարդկության դեմ հանցագործություններ, ցեղասպանություն, ապօրինի ազատազրկում ծանրացուցիչ հանգամանքներում, առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը, խոշտանգումներ, գույքի վնասում, ավազակություն ծանրացուցիչ հանգամանքներում և տրանսպորտային միջոցների զավթում։
Գյուրլեքը հայտարարել է, որ Թուրքիան մերժում է այն դիրքորոշումը, ըստ որի՝ Նեթանյահուի կառավարությունն ունի անձեռնմխելիություն Գազայում Իսրայելի գործողությունների համար պատասխանատվությունից։ «Մենք թույլ չենք տա թաքցնել Գազայում կատարված հանցագործությունները կամ պաշտպանել մեղավորներին պատասխանատվությունից», — հայտարարել է նախարարը։
Նա ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի օգտագործել ազգային և միջազգային իրավական մեխանիզմները՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Գյուրլեքի խոսքով՝ Անկարան նաև մտադիր է շարունակել աջակցել պաղեստինցիներին։
Նախարարը հայտնել է, որ Թուրքիան կձեռնարկի «բոլոր անհրաժեշտ քայլերը», որպեսզի մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք կանգնեն օրենքի առաջ։



