Միացյալ Նահանգները շարունակում է հզոր քննադատական ալիքի տակ պահել Թուրքիան եւ ամերիկա-թուրքական հարաբերությունները։ Պատճառներ դրա համար բավականին կա՝ Թուրքիայի կողմից գնված ռուսական Ս-400 համակարգերի փորձարկումները, Արեւելյան Միջերկրականը, վերջապես՝ Ղարաբաղյան հակամարտությունը եւ այլն։ Ուշադրության այս կենտրոնացումը, իր նեգատիվ իմաստից բացի նաեւ հուշում է, որ ամեն դեպքում Վաշինգտոնի հաշվարկներում Թուրքիան դեռեւս պահպանում է բավական կարեւոր դիրքեր։ Հասկանալի է՝ Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքն է դեր խաղում, նաեւ՝ իրադարձությունները Սիրիայում, հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ այլն։ Այժմ ամերիկա-թուրքական հարաբերությունները կարելի է գնահատել ճգնաժամային, սակայն ամերկյան նախագահական ընտրություններից հետո այդ ճգնաժամը նոր մակարդակի կբարձրանա՝ թե նախագահ Թրամփի վերընտրվելու պարագայում, թե Բայդենի հաղթանակի։ Կարելի է կանխատեսել, որ ամերիկա-թուրքական պատմական պառակտման համար մնացել է մի քանի քայլ ընդամենը։ Էրդողանի ղեկավարած Թուրքիան այժմ աշխարհին ներկայանում է որպես կոնֆլիկտաստեղծ գործոն աշխարհի համար եւ դա չի կարող մնալ անարձագանք ԱՄՆ կողմից։ Բոլորը հասկանում են, որ արտաքին քաղաքականության մեջ Էրդողանի գիծը ընդամենը «կերակուր է» ներքին լսարանի համար, միջոց՝ ներքին խնդիրներից ուշադրություն շեղելու, սակայն նույնիսկ այդ պարագայում, ԱՄՆ-ն նախագահական ընտրություններից հետո ամենայն հավանականությամբ իր հակաքայլերը կանի։ Էրդողանը հիմա անում է ամեն ինչ, ներքին լսարանում իր վստահության կրեդիտը ավելացնելու համար։ Պատահական չէ, որ ոչ վաղ անցյալում 30 տոկոսի իջած նրա վարկանիշը կրկին դարձել է 39-41 տոկոս։ Էրդողանն այս կերպ փորձում է իր երկարակեցությունն ապահովել 2023-ի ընտրություններում։ Սակայն ավանտյուրիզմը նույնիսկ նրան կարող է չփրկել, քանի որ Թուրքիայի համար «աքիլեսյան գարշապար» է տնտեսությունը, որը չափազանց խոցելի է դարձել այժմ եւ նմանվել կավե ոտքերով երերացող հսկայի։ Թուրքական ընդդիմությունը հենց սրա վրա կարող է խաղալ՝ Էրդողանին հակադարձելու համար։ ԱՄՆ-ն, ԵՄ-ն հենց այս խաղաքարտը կարող են օգտագործել՝ Էրդողանին սանձահարելու համար։



