Ի՞նչ կխոսի Վանեցյանը․ «Հայրենիքը» շանս ունի

Այս տարվա սկզբին Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու Ազգային ժողովի ընտրություններին։ Կուսակցության տարածած հայտարարությունը պարզապես ընտրություններին չմասնակցելու մասին որոշում չէր․ այն ներառում էր յոթ հիմնավորում, որոնք վերաբերում էին ինչպես իշխանությունների վարքագծին, հասարակության խորացող պառակտվածությանը և քաղաքական միջավայրի առողջացման բացակայությանը, այնպես էլ ընդդիմադիր դաշտում առկա խնդիրներին։ Միաժամանակ կուսակցությունը հայտարարում էր, որ մինչև ընտրությունների ավարտը չի պատրաստվում հրապարակային գնահատականներ հնչեցնել, որպեսզի որևէ կերպ չվնասի այն ուժերին, որոնք պայքարում էին գործող իշխանությանը հեռացնելու նպատակով։ Այդ մոտեցումը, անկախ քաղաքական համակրանքներից, կարելի է գնահատել որպես պատասխանատու քաղաքական վարքագիծ։

Ընտրությունների ավարտից հետո արդեն ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտը չկարողացավ հասնել իր հիմնական նպատակին՝ իշխանափոխությանը։ Արդյունքներից և արձանագրված բազմաթիվ խնդիրներից անկախ՝ քաղաքական իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պահպանեց իշխանությունը։ Այս պայմաններում բնական է, որ վերադառնում են այն հարցերը, որոնց մասին «Հայրենիք» կուսակցությունը խոստացել էր խոսել ընտրություններից հետո։ Եթե նախընտրական շրջանում լռությունը պայմանավորված էր քաղաքական պատասխանատվությամբ, ապա այժմ եկել է բաց և անկեղծ գնահատականների ժամանակը։

Արթուր Վանեցյանի քաղաքական թիմն այս առումով ունի առանձնահատուկ դիրք։ Նրանք չեն մասնակցել ընտրություններին, սակայն նաև չեն խոչընդոտել ընտրապայքարի մեջ գտնվող ընդդիմադիր ուժերին։ Հետևաբար այսօր ունեն բարոյական և քաղաքական բավարար հիմքեր՝ խոսելու ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության թույլ կողմերի, ռազմավարական սխալների և բացթողումների մասին։ Նման գնահատականները կարող են կարևոր նշանակություն ունենալ հատկապես այն պայմաններում, երբ ընդդիմադիր դաշտը կանգնած է վերաիմաստավորման և վերակազմավորման անհրաժեշտության առաջ։

Իհարկե, այս հանգամանքը դեռ չի նշանակում, որ «Հայրենիք» կուսակցությունը կամ անձամբ Արթուր Վանեցյանը կարող են միանգամից դառնալ արտախորհրդարանական ընդդիմության գլխավոր կենտրոնը։ Սակայն նրանք արդեն իսկ ունեն հնարավորություն վերածվելու այդ դաշտի կարևոր դերակատարներից մեկի։ Եթե առաջիկայում կարողանան ոչ միայն քննադատել, այլ նաև ներկայացնել հստակ քաղաքական օրակարգ, առաջարկել համակարգային լուծումներ և հետևողական աշխատանք տանել հասարակության հետ, ապա ժամանակի ընթացքում կարող են հավակնել նաև ավելի ազդեցիկ քաղաքական դերակատարության։

Այժմ մնում է սպասել, թե երբ և ինչ շեշտադրումներով կհնչի հենց Արթուր Վանեցյանի խոսքը, որը, ըստ ամենայնի, կհետևի առողջական խնդիրների հաղթահարումից հետո։