Երկուշաբթի օրը թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ չափավոր ընկնում է՝ մոտենալով պատմական նվազագույնին։ Այս մասին, հղում անելով սակարկումների տվյալներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Երկուշաբթի առավոտյան սակարկումների ժամանակ թուրքական արժույթը նվազել է 1%-ով՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 13,83 լիրայի։
Թուրքական արժույթը, որը տարեսկզբին սակարկվում էր մեկ դոլարի դիմաց 7,4 լիրա փոխարժեքով, տարվա ընթացքում էժանացել է գրեթե 50%-ով՝ հասնելով 13,9-ի, իսկ նոյեմբերի 23-ին նվազել է 16%-ով։ Լիրայի օրական նման կտրուկ անկումը ամենաբարձրն է եղել վերջին 20 տարվա ընթացքում։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նոյեմբերի 18-ին Թուրքիայի կենտրոնական բանկը որոշել է տոկոսադրույքը 16%-ից իջեցնել մինչեւ 15%, որից հետո երկրի նախագահ Թայիփ Էրդողանը հեռուստաուղերձում կրկին հանդես է եկել տոկոսադրույքի նվազեցման օգտին՝ պնդելով, որ դա կհանգեցնի ինֆլյացիայի նվազման։