«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից 11 օր անց Գլխավոր դատախազությունը որոշեց ընթացք տալ միջադեպին։
Սակայն հարց է առաջանում՝ արդյոք այս քննությունը բոլորի՞ն է վերաբերում, թե՞ պատասխանատվության շրջանակն արդեն իսկ սահմանված է։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ՔՊ պատգամավորներին, ըստ էության, «մեսիջ» են փոխանցել՝ հանգիստ եղեք, այս քրեական վարույթը ձեր դեմ չէ, քննության առարկա են դառնալու ընդդիմադիր պատգամավորների թիկնապահներ-օգնականների գործողությունները։
Այսինքն՝ ստացվում է, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի այս քրեական վարույթով ՔՊ-ի ակտիվ մասնակիցները կարող են անպատիժ մնալ, իսկ պատասխանատվության կենտրոնում հայտնվեն ընդդիմադիր պատգամավորների թիկնապահ-օգնականները. ինչպես բնորոշում է ՔՊ-ն։
Նշենք, որ, ըստ Դատախազության՝ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Հիմա հանրությանն ընդամենը մեկ հարց է հետաքրքրում՝ օրենքի առաջ բոլորը հավասա՞ր են, թե՞ ԱԺ-ում բռնություն գործադրելու դեպքում ՔՊ-ականները անպատիժ կմնան, իսկ ընդդիմադիրներն ու նրանց օգնականները պատասխանատվության առաջ կկանգնեն»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։



