Թուրքական Anka անօդաչու թռչող սարքի զինանոցը մինչեւ ամսվա վերջ կհամալրի նոր Kuzgun հրթիռը, հայտնել է թուրքական Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով ԱԹՍ-ներ մշակող Türk Havacılık ve Uzay Sanayii (TUSAŞ) ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Օմեր Յըլդըզին։
Anka-ն անօդաչու թռչող սարքերի ընտանիք է, որը մշակվել է Թուրքիայի զինված ուժերի համար։ Անօդաչուն անվանվել է դիցաբանական փյունիկի անունով, որը թուրքերեն Zümrüd-ü Anka է կոչվում։ Anka-ի ստեղծման աշխատանքները շարունակվում են 2004-ից: Դրոնն իր առաջին թռիչքն իրականացրել է 2010թ. TUSAŞ-ը հայտարարել է, որ ԱԹՍ-ի երկու մոդիֆիկացիա է մշակում՝ Anka-A եւ Anka-B։ Առաջինը նախատեսված է դիտարկման, պարեկության եւ հետախուզության համար։ Anka-B-ն հարվածային ԱԹՍ կլինի՝ զինված հրթիռներով եւ ավիառումբերով։
Նշվում է, որ ռեակտիվ շարժիչով Kuzgun հրթիռը կշռում է մինչեւ 100 կգ։ Հրթիռը կարող է 60-ից 90 կգ քաշով մարտագլխիկ կրել։
Հաղորդվում է, որ նոր հրթիռը կլրացնի Anka-ի կողմից օգտագործվող փոքր չափերի MAM-C եւ MAM-L զինամթերքները։ ԱԹՍ-ն կկարողանա նաեւ կրել Sonobuoy սարք, որը նախատեսված է օվկիանոսում ակուստիկ տվյալներ հավաքելու համար, եւ SAR ռադարը՝ ծովում ականների հայտնաբերման համար:



