Թուրք-ադրբեջանական դաշինքը հերթական ապտակն հասցրեց ռուսական «կույսի ամոթխածությանը» Մինչ Ռուսաստանը կույսի ամոթխածությամբ օրական մի քանի անգամ անատամ հայտարարություններ տարածելով է զբաղված Ղարաբաղյան հակամարտության ներկա սրացման հետ կապված, ամերիկյան Bloomberg պարբերականը հաղորդում է, որ ադրբեջանական գազը արդեն կարող է հոսել դեպի Եվրոպա, ինչը նշանակում է, որ Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացումը, եւ ռուսական գազից կախվածության նվազեցման պրոցեսը կարծես թե սկսված է։
Մասնավորապես, ավարտվել է Տրանս-Ադրիատիկ գազամուղի կամ «ՏԱՊ» գազամուղի շինարարության աշխատանքները։ Հիշեցնենք, որ այս գազամուղը Ադրբեջանի գազը հասցնելու է Հարավային Եվրոպա։ Գազամուղն ունի 878 կմ երկարություն։ Շինարարությունը տեւել է չորս ու կես տարի։ Ներկայումս, ըստ ամերիկյան պարբերականի, արդեն նախապատրաստվում է գազամուղի կոմերցիոն շահագործման մեկնարկը։ Նոր գազամուղով տարեկան 8 միլիարդ խորանարդ մետր գազ կհասնի Իտալիա եւ եւս մեկ միլիարդ խորանարգ մետր էլ՝ Հունաստան ու Բուլղարիա։ Տրանս-Ադրիատիկ գազամուղը սկսվում է թուրք-հունական սահմանին գտնվում Էվրոս շրջանի Կիպի գյուղից, անցնում Հյուսիսային Հունաստանով, Ալբանիայով, Ադրիատիկ ծովով եւ հասնում Հարավային Իտալիա եւ միանում իտալական գազային ցանցին։ Այն միացած է Տրանս-Անատոլիական գազամուղին, որը մեկ ընդհանուր գազային նախագծի մեկ այլ ճյուղ է։
Որեւէ մեկի համար կարծես թե գաղտնիք չէ, որ Ռուսաստանը գազայինբ ֆակտորը օգտագործում է ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական եւ աշխարհաքաղաքական նպատակներով։ Ընդհանրապես աշխարհում է նավթն ու գազը քաղաքական եւ գեոպոլիտիկ խաղաքարտ․ վկան՝ ավերված Սիրիան ու Իրաքն են։ ՏԱՊ եւ ՏԱՆԱՊ գազամուղները, ուրեմն այդ խաղաքարտի զորեղությանը նվազեցնելուն է միտված, հանգամանք, որը չի կարելի երբեք աչքաթող անել։ Ավելին, այս նախագիծը Եվրոպայի գազային դիվերսիֆիկացիայի մի մասն է, որի մյուս ճյուղը «Բալթյան հոսքն» է, որը Եվրոպա պետք է հասցնի Նորվեգիայի գազը։ Այլ կերպ ասած, թուրք-ադրբեջանական դաշինքը փորձում է ռուսներին զրկել Եվրոպայի հանդեպ ունեցած գազային լծակից։ Ու կարծես թե դա ստացվում է։
Սակայն այս ամենով հանդերձ, Մոսկվան շարունակում է չափազանց հեզահամբույր կեցվածքով դրսեւորվել այդ տանդեմի դեմ, ավելի շատ նմանվելով ուկրաինացի մերկապարուհու, ինչը պատմականորեն է նույնիսկ անհասկանալի, որովհետեւ դեռ երբեք, նույնիսկ «տարերային 90-ականներին», Ռուսաստանը այսքան «անատամ» չի եղել։ Ու սա ամենեւին կապ չունի Հայաստանի ղեկավարության աշխարհաքաղաքական ընտրության եւ էլի տարբեր չղմեղանքների հետ, որոնք կիրառում են ռուս վերլուծաբանները։
Հարավային Կովկասում ռուսական շահերը առավել քան կենսական են՝ թյուրքական Հյուսիսային Կովկասն ու Պովոլժիեն աչքի առաջ ունենալով, եւ կորցնելով Հարավային Կովկասը, Մոսկվան կորցնում է կարելի է ասել՝ ամեն ինչ հարավային ուղղությամբ։



