Թունիսի նախագահը պաշտոնանկ է արել երկրի վարչա...

Թունիսի նախագահ Կաիս Սաիդը պաշտոնանկ է արել վարչապետ Ահմեդ Հաշանիին և նրա փոխարեն նշանակել սոցիալական հարցերի նախարարին, հայտնում է Al Jazeera-ն։

Նախագահականի հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչու է Հաշանին հեռացվել պաշտոնից։

Հաշանին իր պաշտոնը ստանձնել է անցյալ տարվա օգոստոսի 1-ին՝ փոխարինելով Նաջլա Բուդինին, ում նույնպես Սաիդը պաշտոնանկ էր արել առանց պաշտոնական պատճառաբանության։ Իր հրաժարականից ժամեր առաջ Հաշանին տեսաուղերձում ասել է, որ կառավարությունը մի շարք հարցերում առաջընթաց է գրանցել՝ չնայած գլոբալ մարտահրավերներին, այդ թվում՝ երկրի սննդի և էներգիայի կարիքների բավարարմանը:

Նրա իրավահաջորդ Քամել Մադուրին սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները ստանձնել է միայն մայիսին։ Սոցիալական ցանցում իր գրասենյակի կողմից հրապարակված գրառման մեջ Սաիդը սեղմում է Մադուրիի ձեռքը և հակիրճ հայտարարություն անում՝ ասելով միայն, որ նախագահը «որոշել է նրան նշանակել կառավարության ղեկավար՝ պարոն Ահմեդ Հաշանիի փոխարեն»: