Կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման ընթացքում Թումանյան փողոցում թեղի տեսակի 80 ծառի փոխարեն ընդհանուր առմամբ կտնկվի 129 հասուն ծառ: Այս մասին նշվեց այսօր՝ մարտի 24-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Արդեն իսկ տնկվել է 95 հատ 10 տարեկան արճվան (հուդայածառ), պահպանվել է 30 թեղի, որոնց տապալվելու վտանգը չկա, բացվելու է 34 բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն արճվաններ։
Կենսունակությունը կորցրած և ձևախեղված մանրատերև թեղիները փոխարինվում է եվրոպական արճվաններով, որոնք ավելի հարմարեցված են քաղաքային միջավայրին։ 10 տարեկան ծառերն առաջիկա տարիներին կձևավորեն խիտ սաղարթ, կստվերեն փողոցը և կնպաստեն օդի որակի բարելավմանը։



