Ծոցի արաբական երկրները ԱՄՆ-ից չեն խնդրել պատերազմ սկսել Իրանի դեմ, սակայն նրանցից շատերն այժմ հորդորում են կանգ չառնել և թույլ չտալ, որ Իրանը շարունակի սպառնալ Ծոցի նավթային կենսական ուղուն և դրանից կախված տնտեսություններին։ Այս մասին Reuters-ին հայտնել են Ծոցի երկրների երեք աղբյուրներ։
Միևնույն ժամանակ, այս աղբյուրները և հինգ արևմտյան ու արաբ դիվանագետներ նշել են, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Ծոցի երկրների վրա՝ միանալու ԱՄՆ-իսրայելական պատերազմին։ Ըստ նրանցից երեքի՝ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ցույց տալ տարածաշրջանային աջակցությունը ռազմարշավին՝ դրա միջազգային լեգիտիմությունը բարձրացնելու, ինչպես նաև երկրի ներսում աջակցություն ստանալու համար։
«Ծոցի տարածաշրջանում տարածված է այն զգացողությունը, որ Իրանը հատել է բոլոր կարմիր գծերը Ծոցի յուրաքանչյուր երկրի հետ»,- ասել է Սաուդյան Արաբիայում գործող Ծոցի հետազոտական կենտրոնի նախագահ Աբդուլազիզ Սագերը, ով ծանոթ է կառավարության տեսակետներին։



