
Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանը, որը մայիսի 6-ին Իսրայելի հարվածների թիրախ էր դարձել, դադարեցրել է բոլոր չվերթերը։ Բացի այդ, օդանավակային պատճառվել է շուրջ 500 միլիոն դոլարի վնաս։ Ինչպես տեղեկացնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքից, այս մասին հայտնել է օդանավակայանի տնօրեն Խալեդ աշ-Շայեֆը։
«Թշնամու կողմից թիրախավորվել և ամբողջությամբ ոչնչացվել է 6 օդանավ, որոնցից 3-ը՝ եմենական։ Սանայի միջազգային օդանավակայանին լուրջ վնաս հասցրած իսրայելական ագրեսիայի հետևանքով բոլոր մուտքային և ելքային չվերթերը կասեցվել են մինչև հետագա ծանուցում», - հայտնել է աշ-Շայիֆը։
Նա հավելել է, որ օդանավակայանի ժամանակավոր վերաբացման այլընտրանքներ կան, սակայն երկար ժամանակ է պետք այն վերականգնելու և նախկինի պես աշխատելու համար։
Պաշտոնյայի խոսքով՝ իսրայելական ուժերը ոչնչացրել են Սանայի օդանավակայանի սրահները՝ դրանց ողջ սարքավորումներով, իսկ մատակարարման շենքն ամբողջությամբ հողին է հավասարեցվել։
Աշ-Շայիֆը նաև նշել է, որ հարձակման հետևանքով Սանայի օդանավակայանի կրած վնասները կազմել են մոտավորապես 500 միլիոն դոլար։
Մայիսի 6-ին իսրայելական ինքնաթիռները լայնածավալ ավիահարվածներ են հասցրել Եմենին։ Հարվածի հիմնական թիրախը «Անսար Ալլահ» շարժման հսկողության տակ գտնվող Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանն է եղել։ Հարձակումն իրականացվել է՝ ի պատասխան հութիների կողմից Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին ավելի վաղ հասցված հարվածների։
2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները սկսել էին թիրախավորել Իսրայելի տարածքը և խոչընդոտում էին նրանց հետ կապված նավերի նավարկությունը Կարմիր ծովով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով։ Հարձակումները դադարել էին 2025 թ. հունվարի կեսերին պաղեստինյան անկլավում հրադադարի հայտարարումից հետո, սակայն մարտի սկզբին հրադադարի խզումից հետո հութիները կրկին վերսկսել էին Կարմիր ծովում իսրայելական նավերի վրա հարձակումները՝ ի նշան աջակցության Պաղեստինին և Իսրայելից պահանջելով դադարեցնել Գազայի շրջափակումը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վաշինգտոնի և հութիների միջև համաձայնություն է ձեռք բերվել հրադադարի շուրջ։