Իրանի դեմ պատերազմի մեկնարկից գրեթե մեկ ամիս անց երկրի ներսում որևէ իշխանական վակուում չի ստեղծվել, առօրյա կյանքը բնականոն շարունակվում է, չնայած գերագույն հոգևոր առաջնորդի և առանցքային զինվորականների նահատակությանը` Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական նպատակները ձախողվել են: Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Թշնամին ոչ մի նպատակի չի հասել։ Մենք տեսնում ենք, որ Իրանի զինված ուժերը արժանի հակահարված են տվել թշնամուն, և դա ապացույցների կարիք չունի։ Գերագույն առաջնորդի մահը միայն ծառայել է իրանական հասարակության միավորմանը»,- ասաց դեսպանը։
Դիվանագետն ընդգծեց` մարդիկ վստահում են բանակին և պատրաստ են որքան հնարավոր է շատ ներդրում ունենալ ներքին կայունության և անվտանգության գործում։
«Հոգևոր առաջնորդի նահատակությունից հետո որևէ վակուում երկրի ներսում չի ստեղծվել: Թշնամին ուներ երկու նպատակ՝ համակարգի փլուզում և ներքաղաքական պատերազմի հրահրում, որոնցից որևէ մեկին չի հասել: Այսօր Իրանի ներսում վախի մթնոլորտ չկա, ամեն ինչ գործում է առօրյա ռեժիմով, իսկ մարդիկ ամեն գիշեր փողոցներում իրենց աջակցությունն են հայտնում զինված ուժերին։ Նաև նոր հոգևոր առաջնորդի նշանակումը որևէ վակուում չի ստեղծվել` չնայած որ թշնամին ամեն կերպ փորձում էր հասնել դրան»,– ասաց Շիրղոլամին։
Հարցին` Իրանում ցամաքային ներխուժման վտանգ զգո՞ւմ են, ինչպե՞ս են գնահատում այդ վտանգը, և իրանական բանակը պատրա՞ստ է դիմագրավել արդեն ցամաքային թատերաբեմում հակառակորդին` դեսպանն արձագանքեց, որ իրենք պատրաստ են նաև այդ սցենարին։
«Մենք նմանօրինակ սցենար դիտարկում ենք և արդեն որոշակի պլաններ նախագծել ենք։ Այս պահին պատերազմին ներգրավված են Իրանի օդային ուժերը հրթիռները և հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ցամաքային կորպուսը անհամբեր սպասում է այն պահին, երբ իրենք էլ կկարողանան մասնակցել այս գործողություններին։ Իհարկե, գոյություն ունի նմանօրինակ սցենար՝ հաշվի առնելով Թրամփի գործելաոճը, նա գտնվում է շփոթված և բարկացած վիճակում և կարող է դիմել նմանօրինակ հիմարության։ Նա արդեն խոսել է Հորմուզի նեղուցի բացման մասին։ Բայց ես հույս ունեմ, որ գոնե այս անգամ Թրամփը չի դառնա Նեթանյահուի և որոշ անձանց խաբեության զոհը։ Իրանը մեծ երկիր է՝ հսկայական հնարավորություններով, և մենք կկարողանանք կազմակերպել մեր պաշտպանությունը ցանկացած դեպքում»,–ասաց նա։
Դեսպանն ընդգծեց, որ մինչ այժմ ԱՄՆ–ին և Իսրայելին տված հակահարվածները ոչինչ կլինեն այն հակահարվածի դիմաց, որը նրանք կունենան ցամաքային հարձակման դեպքում։ Այդ պարագայում արդեն Ամերիկայի նախաձեռնած ագրեսիան կվերածվի իրական խայտառակության, և պատերազմը Ամերիկայի և Իսրայելի համար իրական ճահիճ կդառնա։



