Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի հետ տարբեր միջնորդներ են կապվել և հաղորդագրություններ փոխանցել, սակայն Թեհրանի դիրքորոշումն է շարունակել պայքարը։ Այս մասին հաղորդում է Press TV-ն։
Նա նշել է, որ տարածաշրջանային մակարդակով դիվանագիտական շփումներ տեղի են ունեցել, բայց Թեհրանի դիրքորոշումն անփոփոխ է։
«Այս պահին մեր քաղաքականությունն է շարունակել դիմադրությունը: Ոչ մի բանակցություն տեղի չի ունեցել: Բարեկամական երկրների միջոցով հաղորդագրությունների փոխանցումը և ի պատասխան՝ մեր դիրքորոշումը հայտնելը կամ անհրաժեշտ նախազգուշացումներն անելը բանակցություններ չեն: Տարածաշրջանի շատ արտգործնախարարներ են կապվել Թեհրանի հետ, բայց Իրանի դիրքորոշումը մնում է սկզբունքային և հաստատուն», - ասել է դիվանագետը։
Նա նաև նշել է, որ միջազգային երաշխիքները հուսալի չեն, իսկ առանց երաշխիքների հրադադարը «արատավոր շրջան է, որը միայն պատերազմի կրկնության է հանգեցնում»։
«Թշնամին պետք է դաս քաղի, որպեսզի այլևս երբեք նույնիսկ չմտածի ևս մեկ հարձակում սկսել, իսկ իրանցի ժողովրդի տառապանքների համար պետք է փոխհատուցում տրամադրվի», - ասել է դիվանագետը։
Աբբաս Արաղչին նաև հայտնել է, որ հակառակորդը չի կարողացել հասնել իր նպատակներից մի քանիսին, այդ թվում՝ պառակտել երկիրը, ապահովել արագ հաղթանակ և խաթարել ներքին համախմբվածությունը։
«Այն փաստը, որ նրանք այժմ խոսում են բանակցությունների մասին, ինքնին պարտության ընդունում է։ Մի՞թե նրանք չէին խոսում «անվերապահ կապիտուլյացիայի» մասին։ Այդ դեպքում ինչո՞ւ են հիմա մոբիլիզացնում իրենց ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին՝ բանակցություններ վարելու համար», - ասել է նա։
Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցով նավագնացությանը, Արաղչին նշել է, որ իրենք թույլ են տվել Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրաքի և Պակիստանի նավերի անցումը և պատճառ չունեն թույլ տալու, որ նեղուցով անցնի թշնամին։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Իրանի հետ արդյունավետ բանակցություններ են ընթանում։



