Ծեծկռտուք Տիգրան Մեծի պողոտայում

Ապրիլի 25-ին Կենտրոնական բաժնում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Տիգրան Մեծի պողոտայում մոտ քսան հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է: Ոստիկաններն արձագանքել էին, ինչպես միշտ, հնարավորինս օպերատիվ, տեղյակ էին պահվել նաև տարածքում ծառայող պարեկները:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել էին վնասված «Տեսլա» մակնիշի մեքենա, իսկ նեսում արյան հետքեր կային:

Րոպեներ անց ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում ստացվել էր նոր հաղորդում. 1-ին համալսարանական հիվանդանոցից հայտնել էին, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխել Երևանի Վարդանանց փողոցի բնակիչ 33-ամյա մի տղամարդու:

Փաստորեն, կոպիտ կերպով խախտվել էր հասարակական կարգը, դիտավորությամբ վնասվել էր գույք և պատճառվել էր, ինչպես հետո պարզվեց, միջին աստիճանի մարմնական վնասվածք:

Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի շնորհիվ ժամը 21.40-ին մայրաքաղաքի Քաջազնունու փողոցում հայտնաբերվեց, հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց և ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխվեց հինգ երիտասարդ, որոնցից չորսը` Գավառ և Մարտունի քաղաքների բնակիչ:

Ընդ որում, հինգերորդի` Նուբարաշենի բնակիչ 19-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի երկու դանակ:

Պարզվեց՝ ամեն ինչ սկսվել էր նախորդ օրը` մի շեղ հայացքից, մի չհասկացված խոսքից, ինչպես ընդունված է ասել` կենցաղային հողի վրա:

Հետագա միջոցառումներով իրավապահներին հաջողվել է պարզել միջադեպի մասնակից ևս երկու անձի ինքնություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Վարդենիս քաղաքի և Ակունք գյուղի 27-ամյա բնակիչներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են: