2025 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող չափահաս ՀՀ քաղաքացիները։ Կատարված փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիները կարող են չհայտարարագրել մինչև 1 մլն դրամի որոշ չհարկվող եկամուտներ, այդ թվում՝ ֆիզիկական անձանցից ստացված փոխառությունները, նվիրատվությունները, գույքի օտարումից ստացված և այլ եկամուտները։ Գործընթացը հեշտացնելու նպատակով համակարգում ինքնաշխատ նախալրացվում են հարկային մարմնին հասանելի տվյալները: Քաղաքացու համաձայնությամբ՝ կարող են նախալրացվել նաև ավանդներից ստացված տոկոսները։ Գործում է նաև նախալրացված հայտարարագրի ինքնաշխատ ներկայացման մեխանիզմը․ սահմանված ժամկետում այն չփոփոխելու և չներկայացնելու դեպքում՝ հայտարարագիրը վերջնաժամկետից հետո համարվում է ներկայացված։ Հայտարարագիրը հնարավոր է ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով՝ առանց լիազորագրի նոտարական վավերացման։
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2025 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 1-ն է, սակայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխան՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, տվյալ դեպքում՝ նոյեմբերի 2-ը։ Հաջորդ հաշվետու տարիների համար հայտարարագրերը ներկայացվելու են մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ։
Կարևոր է ընդգծել, որ հայտարարագրման համակարգի ներդրումը չի ենթադրում նոր հարկային պարտավորությունների սահմանում, այլ նպատակն է ձևավորել քաղաքացիների եկամուտների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն՝ սոցիալական և այլ ոլորտներում առավել հասցեական քաղաքականություն իրականացնելու համար։ Միաժամանակ, հետագայում նախատեսվում է ներդնել նաև ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակ, որը կմեկտեղի հայտարարագրերի ներկայացման, եկամտային հարկի վերադարձի, հարկերի վճարման և այլ ծառայությունները՝ քաղաքացիների համար ապահովելով առավել պարզ և հարմարավետ թվային միջավայր։



