Ծաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրակ...

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցում։ 

ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ ստուգման արդյունքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն գտնվել պատշաճ նորոգ վիճակում, իսկ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների մակերևույթները նույնպես չեն համապատասխանել սահմանված պահանջներին։ 

Հայտնաբերված խախտումների հիմքով՝ խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է։ 

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ սննդի կառույցը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար։ 

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։