Քիչ առաջ ավարտվեց Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը։ Մինչ հայտնի կդառնար հանդիպման օրակարգը և թե ինչ պահանջներ են առաջ քաշել կողմերը` տարաբնույթ տեղեկություններ նետվեցին դաշտ, որոնց նպատակը ակնհայտ էր։ Իշխանություններին մոտ որոշ շրջանակներ փորձում էին անվստահության սերմեր ցանել ընդդիմադիր դաշտում, որը պետք է պառակտեր ընդդիմությանը և ամրացներ Նիկոլ Փաշինյանի դիրքերը։
Ինչևէ, հանդիպման ավարտին բոլորը ստացան իրենց հարցերի պատասխանը։ Նախ նկատենք, որ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը տևել է ընդամենը մի քանի րոպե:
Հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Հանդիպումը երկար չէր կարող տեւել, ես իմ դիրքորոշումը, որը ասել եմ հրապարակային, նույնը ասացի վարչապետին, որ այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը: Միակ ելքը դա է: Իսկ խորհրդարանական ընտրությունների մասով ասացի, որ դուք չպետք է լինեք վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Երբ, որ դա ընդունելի կլինի, մնացածի մասին կբանակցենք: Իմ դիրքորոշումը չի փոխվել, ցանկացել է հանդիպել, ես չեմ մերժել»,-հայտարարել է Ծառուկյանը:
Կասկածի սերմեր ցանողների գործն անպտուղ մնաց, քանի որ Ծառուկյանը վերահաստատեց իր հրապարակային հնչեցրաց դիրքորոշումը, ավելին, կարելի է ասել, որ դիրքորոշումն առավել պարզեցվեց և կոշտացվեց, քանի որ Ծառուկյանի պահանջի համաձայն Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի անգամ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, որպեսզի ընտրությունների արդյունքները բոլոր կողմերի համար վստահելի լինեն։
Հ․Գ․ Ի դեպ, հանդիպման դետալները ևս ակնհայտ էին դարձնում, թե ով է դրության տերը՝ այս անգամ հանդիպումը ոչ թե կառավարությունում էր կայացել, այլ Փաշինյանն իր ոտքով գնացել էր ԲՀԿ խմբակցության դուռը։



