TRIPP նախագիծը կարող է օգուտներ բերել Վաշինգտոնին, Երևանին և ամբողջ Կասպյան տարածաշրջանին։ Այս մասին ասվում է ամերիկյան «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի հոդվածում։
«ԱՄՆ կառավարությունը մասնավոր կարգով աջակցում է «Միջին միջանցքին»՝ բազմամոդալ առևտրային երթուղուն, որը Կենտրոնական Ասիան կապում է Թուրքիայի և Եվրոպայի հետ Կասպից ծովի և Ադրբեջանում ու Վրաստանում գտնվող ենթակառուցվածքային հանգույցների միջոցով: Վաշինգտոնը և նրա եվրոպացի գործընկերները «Միջին միջանցքը» դիտարկում են որպես Ասիայի հետ ցամաքային առևտրի ընթացքում Ռուսաստանը շրջանցելու միջոց, ներառյալ Կենտրոնական Ասիայից կրիտիկական նշանակության հանքանյութերի և հազվագյուտ հողային տարրերի պոտենցիալ արտահանումը:
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները ձգտում են բարգավաճման՝ համաշխարհային շուկաների հետ ավելի լավ ինտեգրվելու հաշվին: TRIPP-ը դրա համար տրամադրում է ևս մեկ երթուղի Կովկասի միջով՝ մեծացնելով տրանսպորտային համակարգերի թողունակությունը:
TRIPP նախագծի հաջող իրականացումը թույլ կտա էժանացնել և արագացնել արտադրանքի ու կրիտիկական նշանակության հումքի տեղափոխումը Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա և դրանից դուրս:
Սակայն ավելի էժան, արագ և որակյալ տրանսպորտային հասանելիությունը լի է նաև որոշակի ռիսկերով: Հարավային Կովկասը ժամանակ առ ժամանակ վերածվել է Ռուսաստանի և Իրանի կողմից պատժամիջոցների շրջանցման օջախի, իսկ հնարավոր է նաև՝ Մոսկվայի և Թեհրանի միջև պատժամիջոցների շրջանցման սխեմաների կենտրոնի: TRIPP-ը կարող է դառնալ հաջողված տարածաշրջանային առևտրային երթուղի, բայց դրա ողջ ներուժի իրացումը կախված է Եվրոպայի և Ասիայի միջև առևտրի պահանջարկից: Աշխարհաքաղաքական անկայունության կամ նախագծի տնտեսական նպատակահարմարության պատճառով «Միջին միջանցքի» երկայնքով տրանսպորտային բարձր ծախսերը, կամ Ռուսաստանի ու Իրանի տարածքով ապրանքներ փոխադրելու պատրաստակամության անսպասելի աճը կարող են խաթարել TRIPP-ի հեռանկարները:
TRIPP-ը ոչ միայն Թրամփի վարչակազմի ձեռքբերումն է, այլև Ռուսաստանից Փաշինյանի հեռացման նոր փուլը:
Երեսուն տարի շարունակ Հայաստանը անվտանգության հարցերում լիովին կախված է եղել Մոսկվայից, ինչը հանգեցրել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանի գերիշխանությանը: Երբ Ռուսաստանը չմիջամտեց 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ժամանակ, Փաշինյանը փոխեց իր դիրքորոշումը՝ հասկանալով, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ռուսական ազդեցությունը վերացնելու միակ միջոցն է: Միաժամանակ նա պաշտպանական խոշոր պայմանագրեր է կնքել Հնդկաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի և Կիպրոսի հետ:
Ռուսաստանը միակ հարևանը չէ, որին մտահոգում է ԱՄՆ-ի աճող ներկայությունը Հարավային Կովկասում։ Իրանը մշտապես «կարմիր գիծ» է անվանում Հայաստանի հետ իր հյուսիսային սահմանին կարգավիճակի (ստատուս քվոյի) ցանկացած փոփոխություն։ 2022 թվականին Թեհրանը նույնիսկ լայնամասշտաբ զինավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին՝ վախենալով, որ Բաքուն կարող է փորձել այդ տարածքը զավթել ուժով։ Վերջերս այաթոլլա Ալի Խամենեիի ավագ խորհրդականը սպառնացել էր Հարավային Կովկասը վերածել «Դոնալդ Թրամփի վարձկանների գերեզմանոցի»։ Սակայն Իրանն այժմ ավելի թույլ է, քան վերջին տասնամյակների ընթացքում և Փաշինյանն օգտվել է դրանից։ Այն պայմաններում, երբ բողոքի ցույցերը սպառնում են իրանական իշխանության կայունությանը, Թեհրանը թեթև մտահոգություն է հայտնել առ այն, որ Վաշինգտոնը կարող է օգտագործել TRIPP-ը «իր անվտանգության քաղաքականության շրջանակներում», ինչը շատ հեռու է «կարմիր գծերից», «գերեզմանոցներից» և զինավարժություններից։
Անցյալ ամիս Փաշինյանը Իսրայել է գործուղել արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին, ով պատասխանատու է Վաշինգտոնի հետ TRIPP նախագծի համակարգման համար։ Կոստանյանի այցը ցույց է տվել, որ Փաշինյանը թույլ չի տա Իրանի հետ հարաբերություններում նույն սխալը, ինչ Ռուսաստանի դեպքում՝ նախապատվությունը տալով ԱՄՆ-ի կողմից աջակցվող տարածաշրջանային կարգին միանալուն։
Նման քայլերը ձեռնարկվում են առանցքային պահի։ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Փաշինյանին անհրաժեշտ է ցույց տալ, որ խաղաղությանն ուղղված իր ձգտումները և Արևմուտքի հետ կապերի հաստատումը հաջողությամբ են պսակվել։
TRIPP նախագծի առաջիկա իրականացումը խոշոր հաջողություն է թվում։ Նախագիծը խոստանում է հնարավորություններ բացել ամերիկյան ընկերությունների համար՝ կարևոր օղակ ստեղծելով «Միջին միջանցքի» միավորման գործում։ Այս գործընթացից Ռուսաստանի և Իրանի մեկուսացումը կարող է նաև նվազեցնել տարածաշրջանում տնտեսական ճնշում գործադրելու նրանց կարողությունը՝ Փաշինյանին և Ալիևին տալով գործողությունների ավելի մեծ ազատություն», - նշվում է հոդվածում։



