Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանով անցնող TRIPP + առևտրային նախագծի ղեկավար կնշանակվի Կոնստանտին Սոկոլովը։ Այս մասին գրել էր բրիտանական The Guardian-ը: Ըստ պարբերականի, ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այս նշանակումը անցած ուրբաթ:
Politik.am ձեզ է ներակյացնում, թե ով է TRIPP + առևտրային նախագծի ղեկավար նշանակված Կոնստանտին Սոկոլովը։ Նա ռուսաստանյան ծագումով ամերիկացի գործարար, մասնավոր կապիտալի (private equity) ներդրող և բարերար է։ Նա ծնվել է 1975 թվականին Լենինգրադում (ներկայիս Սանկտ Պետերբուրգ)՝ ակադեմիական ընտանիքում։ Իր պաշտոնական կենսագրության համաձայն՝ հպարտանում է իր հրեական ծագմամբ։ ԽՍՀՄ փլուզումից հետո, 21 տարեկանում, տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ հետագայում ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։
Սոկոլովը ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների ֆակուլտետը, այնուհետև ստացել է Executive MBA աստիճան Չիկագոյի համալսարանի Booth School of Business-ում։ Իր կարիերան սկսել է հեռահաղորդակցության ոլորտում, աշխատելով Qwest Communications-ում, իսկ ավելի ուշ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ բրիտանական Centrica էներգետիկ ընկերությունում։
2007 թվականին նա հիմնադրել է Չիկագոյում գործող IJS Investments մասնավոր ներդրումային ընկերությունը, որը մասնագիտացած է հեռահաղորդակցության, էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների և ռազմավարական ենթակառուցվածքների ոլորտներում։ Նա նաև հանդիսանում է Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցական ընկերության՝ Viva-ի խոշոր բաժնետերերից մեկը, ինչպես նաև ղեկավարում է Northern Pillar Energy Consortium և Pelagos Data Centres նախագծերը։
Քաղաքական առումով Սոկոլովը պաշտոնապես քաղաքական գործիչ չէ, սակայն ակտիվորեն ներգրավված է միջազգային ռազմավարական և անվտանգության թեմաներով նախաձեռնություններում։ Նա Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է և տարբեր առիթներով հանդես է եկել պետական կառույցների ու մասնավոր հատվածի համագործակցության օգտին։ Միաժամանակ ԱՄՆ-ում հայտնի է որպես Հանրապետական կուսակցության և Դոնալդ Թրամփի քաղաքական նախաձեռնությունների խոշոր ֆինանսավորողներից մեկը։
Այսպիսով, Կոնստանտին Սոկոլովը ներկայումս համարվում է միջազգային ներդրումային ոլորտի ազդեցիկ գործարարներից մեկը, որի հետաքրքրությունները կենտրոնացած են ենթակառուցվածքների, էներգետիկայի, հեռահաղորդակցության և Հարավային Կովկասի ռազմավարական նախագծերի վրա։



