
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ «հարմար պահ չէ» Ռուսաստանին հրավիրելու կրկին միանալ «Մեծ յոթնյակի» (G7) երկրներին։ «Կարծում եմ՝ հիմա [Ռուսաստանին G7 վերադարձնելու] ճիշտ ժամանակը չէ»։
Ոչ, հիմա հարմար ժամանակը չէ։ Մենք բաց թողեցինք այդ հնարավորությունը, այնպես չէ՞»,- ասել է Թրամփը։ Միևնույն ժամանակ, նա Ռուսաստանին «Ութնյակի խմբից» (G8) բացառելու որոշումը անվանել է «շատ հիմար»։ Նրա խոսքով՝ եթե Մոսկվան մնար G8-ում, չէր հարձակվի Ուկրաինայի վրա և չէր սկսի «մահացու պատերազմը», որը ինքը փորձում է կանգնեցնել։ Փետրվարին Թրամփը խոսել էր Ռուսաստանը G7 վերադարձնելու իր ցանկության մասին։
Նա նույն գաղափարն առաջ էր քաշել ավելի վաղ՝ 2020 թվականի հունիսին։ Այդ ժամանակ ԱՄՆ նախագահը շեշտել էր, որ նման քայլը համապատասխանում է «առողջ բանականությանը», սակայն մյուս մասնակից երկրները չեն աջակցել նախաձեռնությանը։ G7-ը միավորում է աշխարհի յոթ խոշորագույն տնտեսությունները՝ բացառությամբ Չինաստանի՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան և Ճապոնիան։ Ռուսաստանը միացել է այս ոչ պաշտոնական ակումբին 1997 թվականին՝ այն վերափոխելով Մեծ ութնյակի։ Սակայն, 2014 թվականին, Ղրիմի անեքսիայից հետո, Ռուսաստանը հեռացվեց միությունից։ Թրամփի խոսքով՝ սա տեղի է ունեցել, քանի որ Մոսկվան արտաքին քաղաքականության ասպարեզում գերազանցել է ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամային։
«Վաշինգտոնն այդ տարիներին թույլ էր, «հատկապես Ռուսաստանի նկատմամբ», - պնդել է Թրամփը։ Այս հայտարարությունների ֆոնին Կրեմլը նշել է, որ Մոսկվան քիչ է հետաքրքրված G7 վերադառնալով։ «Մենք բազմիցս ասել ենք, որ այն խումբը, որն այժմ կոչվում է «Յոթի խումբ», զգալիորեն կորցրել է իր արդիականությունը», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ ոչ ֆորմալ ակումբը միավորում է այն երկրներին, որոնք ներկայումս տնտեսական աճի առաջատարներ չեն, քանի որ համաշխարհային տնտեսության աճի կենտրոնները տեղափոխվել են աշխարհի այլ տարածաշրջաններ։ Այս առումով, Ռուսաստանն ավելի շատ հետաքրքրված է G20 երկրների հետ համագործակցությամբ։ «Հենց այնպիսի ֆորում է, ինչպիսին է G20-ը, որը, հավանաբար, լավագույնս արտացոլում է աշխարհի տնտեսական լոկոմոտիվները», - բացատրել է Պեսկովը։