Թրամփը պատերազմ չի ուզում, բայց մենք չենք կար...

ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը պետք է թույլատրի միջազգային ստուգումներ անցկացնել իր բոլոր միջուկային օբյեկտներում, դրանց թվում՝ ռազմական։ Դրա մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի հնարավոր պայմանները։

«Եթե Իրանն իսկապես ցանկանում է խաղաղ միջուկային էներգիա, այլ ոչ թե զենք ունենալ, չպետք է վախենա ստուգումներից, ներառյալ՝ ամերիկացի տեսուչների մասնակցությամբ։ Խաղաղ միջուկային ծրագրեր ունեցող երկրները ուրան չեն հարստացնում կամ չեն թաքցնում օբյեկտները»,-նշել է Ռուբիոն։ Նա 2015 թվականի համաձայնագիրը, որը թույլ էր տալիս սահմանափակումներ դնել ռազմական օբյեկտների մուտքի վրա, «սխալ» է անվանել և առաջարկել է մոդել, ըստ որի Իրանն ատոմակայանների համար հարստացված ուրան կներմուծի։

Պետքարտուղարը նշել է նաև, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանին «խաղաղության ուղի» առաջարկել: «Տնտեսական զարգացում՝ ահաբեկչությանը աջակցելուց, հեռահար հրթիռներ մշակելուց և ուրանը հարստացնելուց հրաժարվելու դիմաց։ Նախագահ Թրամփը պատերազմ չի ուզում, բայց մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա»,-եզրափակել է նա։