Թրամփը նախարարների կաբինետի նիստ է գումարում...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախարարների կաբինետի նիստ է գումարում՝ կապված Իսրայելի կողմից Իրանին, այդ թվում՝ երկրի միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրների։

«Իր պաշտոնյաների հետ բարձր մակարդակով նիստ գումարելու նախագահի որոշումն ընդունվել է դեռ մինչև հարվածներ հասցնելը, քանի որ ԱՄՆ պաշտոնատար անձինք ավելի ու ավելի էին մտահոգված այս սպառնալիքի առնչությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 12-ին Թրամփը, պատասխանելով Իրանի ուղղությամբ Իսրայելի հնարավոր հարվածի մասին հարցին, կարծիք էր հայտնել, որ դա «իրոք կարող է տեղի ունենալ » և զգուշացրել էր «մոտ ապագայում» տարածաշրջանում լայնածավալ հակամարտության հավանականության մասին։

Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ իմացել է Իսրայելի պլանների մասին, և հարվածներն իր համար անակնկալ չեն եղել։ Նա հույս է հայտնել, որ չնայած ստեղծված իրադրությանը, Իրանի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն։