ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել է ԵՄ-ին մինչև հուլիսի 4-ը ժամանակ տալ առևտրային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու և ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը վերացնելու համար։ Այս մասին նա հայտնել է Truth Social հարթակում:
«Ես համբերատար սպասում եմ, որ ԵՄ-ն կատարի Շոտլանդիայի Թերնբերի քաղաքում մեր կողմից համաձայնեցված պատմական առևտրային համաձայնագրի՝ պատմության մեջ ամենախոշոր առևտրային համաձայնագրի իր մասը։ ԵՄ-ն խոստացել է կատարել իր պարտավորությունները և մաքսատուրքերը զրոյի հասցնել։ Ես համաձայնել եմ դրա համար ժամանակ տալ մինչև ԱՄՆ-ի 250-ամյակը, կամ էլ, ցավոք, մեր մաքսատուրքերը կավելանան մինչև անհամեմատ ավելի բարձր մակարդակ», - գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ այլ թեմաների շարքում Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել է նաև Իրանի շուրջ հակամարտությունը։ Նախագահը վստահեցրել է, որ ինքը և ֆոն դեր Լայենը համաձայնության են եկել, որ Թեհրանը երբեք չպետք է միջուկային զենք ստանա։



