
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով ասել է, որ կցանկանար հաջորդել Հռոմի Ֆրանցիսկոս պապին, որը մահացել է ապրիլի 21-ին՝ 88 տարեկանում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Լրագրողները Թրամփին հարց են ուղղել, թե ում նա կցանկանար տեսնել կաթոլիկների հաջորդ քահանայապետի աթոռին։
«Ես կցանկանայի պապ լինել։ Դա կլիներ իմ թիվ մեկ ընտրությունը», - ասել է նա։
ԱՄՆ նախագահը նշել է, որ իրականում որևէ նախընտրություն չունի, սակայն հիշատակել է ամերիկացի կարդինալի մասին։
«Պետք է ասեմ, որ մենք ունենք կարդինալ, որը Նյու Յորք կոչվող վայրից է, որը շատ լավն է։ Տեսնենք, թե ինչ կլինի», - ասել է նա։
Reuters-ը նշում է, որ Նյու Յորքի արքեպիսկոպոս կարդինալ Թիմոթի Դոլանը Հռոմի պապի թեկնածուների ցուցակում չէ, սակայն այդ ցուցակն ընդգրկում է Նյու Ջերսիի արքեպիսկոպոս կարդինալ Ջոզեֆ Թոբինին։ Հռոմի պապի պաշտոնում ԱՄՆ-ից դեռ ոչ ոք չի եղել։
Շուրջ 135 կաթոլիկ կարդինալներ մայիսի 7-ին սկսելու են կոնկլավ, որպեսզի ընտրեն հաջորդ քահանայապետին։