Թրամփը կարող է հայտարարել Իրանի նկատմամբ հաղթ...

ԱՄՆ-ի հետախուզությունը և Սպիտակ տան պաշտոնյաները ուսումնասիրում են մի սցենար, որի դեպքում Դոնալդ Թրամփը կհայտարարի Իրանի նկատմամբ հաղթանակի և պատերազմի ավարտի մասին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հարցին ծանոթ աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ հետախուզությունը վերլուծություն է անցկացնում ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների խնդրանքով, և դրա նպատակը կանխատեսելն է, թե ինչպես կարձագանքի Իրանը Թրամփի նման հնարավոր քայլին։

Մի շարք պաշտոնյաներ նրան համոզում են, որ նավթի և բենզինի գները բարձրացրած պատերազմը կարող է հանգեցնել հանրապետականների մեծ կորուստների Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններում։

Իրանի հարցով հետագա անելիքների վերաբերյալ վերջնական որոշում Թրամփը դեռ չի ընդունել։ Հնարավոր է նաև ռազմական գործողությունների հետագա էսկալացիա, ներառյալ իրանցի ռազմական և քաղաքական առաջնորդների դեմ նոր ավիահարվածներ, Reuters-ին ասել է աղբյուրներից մեկը։

Սակայն ամենահավակնոտ սցենարը՝ ցամաքային ներխուժումը, գնալով դառնում է ավելի քիչ հավանական, իսկ պատերազմը դադարեցնելու նպատակով Թրամփի նկատմամբ գործադրվող քաղաքական ճնշումը «ահռելի» է, ասել է գործակալության զրուցակիցը։

Անցյալ շաբաթ հրապարակված Reuters/Ipsos-ի հարցման համաձայն՝ ամերիկացիների միայն 26%-ն է կարծում, որ ռազմական արշավը արդարացրել է իր ծախսերը, իսկ 25%-ը՝ որ այն ԱՄՆ-ն դարձրել է ավելի անվտանգ։ Սպիտակ տանը վերջերս տեղի ունեցած քննարկումներին ծանոթ երեք աղբյուր հայտնել են, որ Թրամփը լիովին գիտակցում է այն քաղաքական գինը, որը վճարում են ինքը և իր կուսակցությունը։

ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը սկսվել է փետրվարի 28-ին։ Ամերիկյան օրենքը սահմանափակում է նախագահի՝ Կոնգրեսի հավանության բացակայության պայմաններում մարտական գործողություններ վարելու լիազորությունը 60 օրով։ Այդ ժամկետը լրանում է մայիսի 1-ին, ավելի վաղ նշել էր The New York Times-ը։ Օրենքը թույլ է տալիս երկարաձգում միայն 30 օրով՝ զորքերի անվտանգ դուրսբերման համար, բայց ոչ հարձակողական գործողությունների։

Դեմոկրատներն արդեն հինգ անգամ փորձել են բանաձևերի միջոցով կանգնեցնել ռազմական գործողությունները, սակայն հանրապետականները արգելափակել են դրանք։ Սակայն որոշ հանրապետական սենատորներ, այդ թվում՝ Ջոն Կերտիսը և Լիզա Մուրկովսկին, հասկացրել են, որ չեն աջակցի մայիսի 1-ից հետո պատերազմի շարունակմանը առանց Կոնգրեսի հավանության։