
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբամայի, Ջորջ Բուշ ավագի և Ջորջ Բուշ կրտսերի դիմանկարները տեղափոխել Սպիտակ տան այն հատված, որը փակ է այցելուների համար, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ ԱՄՆ 44-րդ նախագահ Օբամայի դիմանկարը, որը նախկինում տեղադրված էր Սպիտակ տան մուտքի մոտ, տեղափոխվել է մասնավոր կեցավայր տանող մեծ աստիճանների վերև։
Այս տարածքը լիովին փակ է այցելուների համար. մուտքը թույլատրվում է միայն նախագահական ընտանիքի անդամներին, ԱՄՆ գաղտնի ծառայության անդամներին և Սպիտակ տան սահմանափակ թվով աշխատակիցների: Աղբյուրը մանրամասնել է, որ Բուշերի դիմանկարները նույնպես տեղափոխվել են նախագահական նստավայրի այս հատված:
CNN-ը նշում է, որ այս քայլը «ընդգծում է Թրամփի և Օբամայի միջև տարիների լարվածությունը»: Հեռուստաընկերությունը ընդգծում է, որ Թրամփի և Բուշերի ընտանիքի հարաբերությունները նույնպես «ունեն վաղեմի հակասություններ»։ Ջորջ Բուշ կրտսերը և նրա կինը այս տարի մասնակցել են Թրամփի երդմնակալության արարողությանը, սակայն չեն մասնակցել հետագա միջոցառումներին։
Հեռուստաընկերության աղբյուրները հայտնել են, որ Թրամփն անձամբ է վերահսկում Սպիտակ տան ինտերիերի բոլոր փոփոխությունները մինչև ամենափոքր մանրամասները։
Սպիտակ տան կանոնակարգի համաձայն՝ վերջին նախագահների դիմանկարները պետք է տեղադրվեն շենքի մուտքի մոտ գտնվող աչքի ընկնող տեղերում, որպեսզի դրանք տեսանելի լինեն պաշտոնական միջոցառումների հյուրերի և զբոսաշրջիկների համար։