
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ Վենեսուելայի թմրակարտելները շուտով թմրանյութերի մաքսանենգություն կսկսեն ցամաքով՝ չբացառելով, որ Վաշինգտոնը դրանց գործունեությանը վերջ կտա ուժային ճանապարհով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Նրանք այլևս ծովով չեն գալիս, այնպես որ, մենք պետք է հետևենք ցամաքին, որովհետև նրանք ստիպված կլինեն շարժվել ցամաքով: Եվ թույլ տվեք ասել, որ դա ոչ մի լավ բանով չի ավարտվի», - ասել է Թրամփը՝ Նորֆոլկում ելույթ ունենալով ԱՄՆ ռազմածովային ուժերի Ատլանտյան նավատորմի ռազմակայանում։
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները հարված են հասցրել ևս մեկ նավակի, որտեղ ԱՄՆ-ի համոզմամբ, թմրանյութեր են եղել։ Այս հարվածի հետևանքով ևս 4 մարդ է զոհվել. վերջին շաբաթներին սա արդեն չորրորդ նման հարվածն է։
Վաշինգտոնը մեղադրում է Վենեսուելայի իշխանություններին թմրանյութերի մաքսանենգության դեմ ոչ բավարար պայքարի մեջ։
Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Telegram-ում տեսանյութ է հրապարակել՝ դատապարտելով ԱՄՆ-ի ագրեսիան իր երկրի դեմ։